Սփյուռքի համար պարտատոմսեր կթողարկվեն

Սփյուռքի համար պարտատոմսեր կթողարկվեն

PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է սփյուռքի համար պարտատոմսեր թողարկել։ ՖԻՆԱՐՄ-ի տնօրեն Կարեն Զաքարյանը բացատրել է, որ դրանք սովորական պարտատոմսեր են, իսկ սփյուռքի անվանումը մարկետինգային քայլ է, գրում է «Ռադիոլուրը»։

«Դրանք մանրածախ պարտատոմսեր են, թիրախավորում են հիմնականում սփյուռքի հայրենակիցներին։ Եկամտաբերությունը մի փոքր ցածր է, քան սովորական պարտատոմսերինը, նաև հայրենասիրական բաղադրիչ կա։ Ուստի, մարկետինգային անունը «սփյուռքի պարտատոմս է»։ Ինքը որևէ այլ բանով մյուս պարտատոմսերից չի տարբերվում»,-ասել է նա։

Նա նշել է, որ «սփյուռքի պարտատոմսը» թողարկվելու է դոլարով։ Այս պարտատոմսերը, ի տարբերություն եվրոբոնդերի, չեն լինի միայն մեծածախ ձեռքբերման։ Եվրոբոնդի ձեռքբերման ծավալը 200,000 դոլար է։ Այս պարտատոմսերը, գուցե, հնարավոր լինի 100 դոլարով էլ ձեռք բերել․ հարցը քննարկման փուլում է։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդգծել է՝ գաղափարը 2018-ին էր ծնվել, երկար են քննարկել, այժմ հետազոտական փուլ են սկսել՝ հասկանալու, թե ինչ տրամադրվածություն կա, որքանով է գաղափարը իրագործելի։ Ըստ հանձնակատարի՝ նախաձեռնությունը համատեղում է հայրենիք-սփյուռք տնտեսական համագործակցությունը, նաև արտակարգ իրավիճակներում արագ գումար գեներացնելու միջոց է։

Ըստ տնտեսագետ Էդգար Աղաբեկյանի, նախաձեռնության մեջ ռիսկ կա՝ գուցե թողարկման ժամանակ չապահովվեն անհրաժեշտ ծավալները։ «Ավելի պարզ՝ առաջարկը լինի, սակայն, ներդրողները ակտիվություն չցուցաբերեն։ Այլ շոշափելի ռիսկեր այս պահին նկատելի չեն»,-ասել է նա։

Ուսումնասիրման վերջնաժամկետը 2022–ի գարունն է, չի բացառվում, որ այդ փուլն ավելի շուտ չի ավարտվի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---