Գեղարքունիքի բնակիչները փակել էին Երևան-Սևան մայրուղին` ձկնորսություն թույլատրելու պահանջով

Գեղարքունիքի բնակիչները փակել էին Երևան-Սևան մայրուղին` ձկնորսություն թույլատրելու պահանջով

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Ակցիայի մասնակիցները դժգոհում էին ձկնորսության արգելքի դեմ, մասնավորապես, Սևանում արդյունագործական ձկնորսություն անցկացնելու որոշման պատճառով յուրաքանչյուր նավի անձնակազմ օրական կարող է որսալ ընդամենը 3-4 ձուկ, որով ձկնորսները պետք է ընտանիք պահեն, հարկ վճարեն՝ որպես բնավճար։

«Ապրիլից մինչև հոկտեմբերի 15-ը դուրս է եկել մոտ 10,000 տոննա ձուկ, որից պետությանն է փոխանցվել մոտ 350 տոննա ձկան գումար՝ բնավճարի գումար։ Մինչդեռ կարելի էր և այդ 10,000 տոննայի բնավճարը վերցնել, և 10-15 հազար դրամները՝ կախված ձկան արժեքից»,- նշել է ակցիայի մասնակիցը, գրում է «Փաստինֆոն»։

Ակցիայի մասնակիցներին հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նա նշել է, որ ոչ նախարարը, ոչ մարզպետը կառավարության որոշումը չկատարելու իրավունք չունեն։

«Եթե դուք հիմա առաջարկում եք, որ կառավարության որոշումը չեղարկվի կամ փոփոխություն արվի, դրա համար ժամանակ է պետք։ Բոլորդ տեղյակ եք եղել, որ սահմանված չափաքանակ է տրվել»,- նշել է մարզպետը։

Ակցիայի մասնակիցները միջամտել են՝ թույլ չտալով մարզպետին ավարտել խոսքը, ինչն էլ վերածվել է վիճաբանության։ Մասնավորապես, մարզպետը խնդրել է, որ իրեն թույլ տան խոսի, ինչին ի պատասխան ձկնորսներից մեկը նշել է, թե իրենք շատ են լսել, հիմա եկել են, որ իրենց լսեն։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ձկնորսների կողմից իրականացված բողոքի ակցիային։ Նախարարությունը նշել է, որ պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա։

Նախարարությունից հիշեցրել են, որ, համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների, Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

«Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների մտահոգությունները։ Բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը»,- նշել են նախարարությունից։

Կառավարության սեպտեմբերի 2-ի որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---