ՌԴ-ում կորոնավիրուսի նոր մուտացիա են գտել՝ AY.4.2

ՌԴ-ում կորոնավիրուսի նոր մուտացիա են գտել՝ AY.4.2

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել՝ դա «դելտա» շտամի AY.4.2 տարատեսակն է, որի եզակի դեպքեր են ի հայտ եկել։ Այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը։

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը նախօրեին խոստովանել է, որ երկրում տարածվում է «դելտա» շտամի նոր տարատեսակը։ Ըստ բրիտանացի գիտնականների, նոր AY.4.2 տարատեսակը կարող է «դելտա» շտամից 10-15%-ով ավելի վարակիչ լինել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Որոշ դեպքերում վիրուսի նոր տարատեսակն անվանում են «դելտա պլյուս», սակայն այդպես էին անվանում նաև մեկ այլ տարբերակը, ուստի այժմ որոշակի խառնաշփոթ կա»,-ասել է Խաֆիզովը։

Ըստ նրա, AY.4.2 տարատեսակի լայն տարածման հավանականությունն աշխարհում և ՌԴ-ում բավականին բարձր է։ Որպես պայքարի միջոց նա նշել է պատվաստումը։

Խաֆիզովը հավաստիացրել է, որ Ռուսաստանում կիրառվող պատվաստանյութերը բավականին արդյունավետ են նաև AY.4.2 տարատեսակի դեմ։

«Նոր տարատեսակն այնքան արմատական չի տարբերվում, որպեսզի հարկ լինի փոխել հակամարմինների հետ կապի եղանակը։ Դատելով այն փաստից, որ մուտացիաները հենց S-սպիտակուցում են, ապա, հավանաբար, այն ավելի շատ կապված է հիվանդության վարակելիության, քան ընթացքի ծանրության հետ»,-ասել է նա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---