Հայաստանը 8-րդն է աշխարհում ԱՀԿ տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրի կատարման առումով

PanARMENIAN.Net - Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Արդեն 27 տարի է, ինչ մարտի 24-ը նշվում է որպես պայքարի օր այդ հիվանդության դեմ, որն ամեն 20 վայրկյանը մեկ մարդկային կյանք է խլում:



2008 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզով հիվանդանալու 1519 նոր դեպք, իսկ 100 հազար մարդու կտրվածքով տուբերկուլյոզով հիվանդների թիվը 47 է, ինչը 1,3 տոկոսով քիչ է , քան 2007 թվականին: Միեւնույն ժամանակ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների, վերջին տարիներին Հայաստանում հաջողվեց կրճատել տուբերկուլյոզով հիվանդների, մասնավորապես, երեխաների, թիվը, ինչպես նաեւ այդ հիվանդության հետեւանքով գրանցված մահացության դեպքերը:



Ինչ վերաբերում է հիվանդության դեմ պայքարելու ծրագրերի իրականացմանն, ապա Հայաստանին հաջողվեց շահել ՁԻԱՀ-ի, մալարիայի ու տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամի դրամաշնորհը, որը 2008 թվականին հինգ տարվա համար Հայաստանին հատկացրեց 6,5 մլն եվրո դեղերի հանդեպ կայուն տուբերկուլյոզի բուժման համար: Բացի այդ, շարունակվում է համագործակցությունը «Բժիշկներ առանց սահմանի» (Ֆրանսիա) միջազգային կազմակերպության հետ` պոլիկլինիկաներում դեղերի հանդեպ կայուն տուբերկուլյոզի բուժման կաբինետների բացման ուղղությամբ: Ենթադրվում է, որ 2009 թվականին նման կաբինետներ կգործեն Երեւանի 10 պոլիկլինիկաներում: Նախատեսվում է նաեւ դեղերի հանդեպ կայուն տուբերկուլյոզի բուժում սկսել նաեւ ՀՀ որոշ մարզերում:



1995 թվականից ի վեր աշխարհի 184 երկրներում կիրառվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տուբերկուլյոզի բուժման DOTS ռազմավարությունը, որը ենթադրում է բուժման կարճատեւ կուրս անմիջական հսկողության տակ: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանը 8-րդն է աշխարհի 184 երկրների թվում ԱՀԿ տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրի կատարման առումով:



2008 թվականին ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոն սկսեց իրականացնել «Կասեցնել տուբերկուլյոզը» ծրագիրը: Այն նախատեսված է մինչեւ 2015 թվականը եւ ներառում է 18 երկիր` Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ուկրաինան եւ Էստոնիան: Ընդհանուր առմամբ ծրագրի իրագործման համար կպահանջվի 14,8 մլրդ դոլար:--ԿԱ--
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---