25 մարտի 2009 - 15:19 AMT
Բոբ Արում. Քելլի Պավլիկն իր համաձայնությունն է տվել Աբրահամի հետ մենամարտին
Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ WBC եւ WBO վարկածներով միջին քաշային կարգում տիտղոսակիր Քելլի Պավլիկը կարող են հանդիպել 2009թ. հոկտեմբերին կամ նոյեմբերին: Ըստ Պավլիկի փրոմոութեր Բոբ Արումի, իր սանն ու Աբրահամը կմենամարտեն, եթե երկուսն էլ հաղթանակ տանեն ամռանն իրենց միջանկյալ մարտերում:

«Այս սկզբունքային մենամարտը կարող է կայնալ Նյու Յորքում աշնանը: Սակայն սկզբից Պավլիկը պետք է հաղթի Սերխիո Մորային հունիսին, իսկ Աբրահամը համապատասխանաբար Վերնոն Ֆորեսթին,-մեջբերում է Արումին ringtv.com-ը:

Արումը նշել է նաեւ, որ եթե Աբրահամի մենամարտը Պավլիկի հետ կայանա, ապա այն չի հեռարձակվի մասնավոր հեռուստաալիքների կողմից, քանի որ հայազգի բռնցքամարտիկը ժողովրդականություն չի վայելում ԱՄՆ-ում:

«Ցուցադրություն մասնավոր հեռուստաալիքներով չի լինի: Սակայն երկու հեռուստաալիք` HBO-ն ու Showtime-ը հետաքրքրված են մենամարտով: Այնպես որ, կարծում եմ, միջոցները կբավարարեն, որպեսզի մարտը հաջողություն ունենա: Այդ մարտը հավանաբար տեղի կունենա: Քելլին որոշակիորեն տվել իր համաձայնությունը, իսկ Արթուրը ձգտում է դրան,-նշել է Արումը:-Պավլիկը պատրաստ է մենամարտի: Իսկ մենք պայմանավորվում ենք մենամարտերի մասին, երբ համոզված ենք, որ մեր բռնցքամարտիկները մրցունակ են: Գերազանց մարտ կլինի, որտեղ, հուսով եմ, մենք կհաղթենք: Սակայն եթե պարտվենք..դա մահացու չէ: Միայն մարզաձեւի այս հիմար էվոլյուցիայի շնորհիվ պարտությունը սկսեց ընկալվել այսքան ցավագին»,-հավելել է նա:

Արթուրը հաղթել է իր բոլոր 29 մարտերում, որոնցից 23-ն ավարտել է նոկաուտով: Իսկ օրերս 9-րդ անգամ պաշտպանել է իր տիտղոսը, հաղթելով ամերիկացի Լահուն Սայմոնին միավորներով: Մենամարտի ավարտին Արթուրը հայտարարեց, թե ցանկանում է հանդիպել Պավլիկի հետ, որից հետո մտադիր է անցնել հաջորդ քաշային կարգ:

Նշենք, որ մարտը տեղի կունենա ԱՄՆ-ում: Իսկ Արթուրի համար սա ընդամենը 2-րդ մարտն է ԱՄՆ-ում եւ 3-ը` Գերմանիայից դուրս:

Պավլիկն ունի 35 մենամարտ,որոնցից 31-ն ավարտել է նոկաուտով, սակայն անցյալ տարվա հոկտեմբերին ամերիկացին տանուլ տվեց Բերնարդ Հոպկինսին: Մարտն ընթանում էր միջանկյալ քաշային կարգում, ուստի տիտղոսներ չէին խաղարկվում: 12-րդ ռաունդից հետո Հոպկինսը հարվածների տարափ տեղաց հակառակորդի գլխին: Հնչեց գոնգը: Հոպկինսը շարունակում էր հարձակվել: Մրցավարը միջամտեց, սակայն բռնցքամարտիկները չէին ցանկանում կանգնել: Նրանց անջատել կարողացան միայն մարզիչները: