ՀՀ ԱԳՆ. Արցախում քաղանձի սպանությունը Ալիևի՝ Շուշի այցի օրն էր

ՀՀ ԱԳՆ. Արցախում քաղանձի սպանությունը Ալիևի՝ Շուշի այցի օրն էր

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը, որի արդյունքում Շուշիի մոտ 1 քաղաքացիական անձ է զոհվել և 3-ը՝ վիրավորվել։

Նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք հոգի վիրավորվել են, իսկ մեկ հոգի՝ զոհվել:

«Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ և ուժի կիրառման սպառնալիքներով։

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը։

Հարկ է նշել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից սա վերջին մեկ ամսվա ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է, որի արդյունքում արձանագրվում են մարդկային զոհեր։ Վստահ ենք, որ այս և նման հանցագործությունների պատշաճ հետաքննությունը և բոլոր պատասխանատուների արդարադատության առջև կանգնելը կարող է կանխել քաղաքացիական բնակչության նկատմամբ հետագա հարձակումները։

Ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում ադրբեջանցի զինծառայողների առջև, ասել է, թե «Հայաստանը հավերժ ապրելու է «պարտված ժողովրդի և պետության խարանով՝ նա երբեք չի շտկի իր մեջքը»։ Նա նաև ասել է, թե «այսուհետ այս հողում տիրելու է ադրբեջաներեն լեզուն»։ «Մենք հասանք նրան, որ Շուշիի մզկիթից ազան է հնչում»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---