Գումարտակի հրամանատարը կալանավորվել է Հին Թաղերի 12 մարտական դիրքի անվտանգությունը չապահովելու համար

Գումարտակի հրամանատարը կալանավորվել է Հին Թաղերի 12 մարտական դիրքի անվտանգությունը չապահովելու համար

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ 44-օրյա պատերազմի առնչությամբ քրեական գործով մեղադրյալ գումարտակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ նա չի ապահովել Արցախի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքի անվտանգությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը՝ 2020թ․նոյեմբերի 9-ին արցախյան պատերազմում հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի թվով 12 մարտական դիրքի անվտանգությունը։ 2020թ․դեկտեմբերի 11-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նշված դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ, թիվ N մարտական դիրքում տեղակայված անձնակազմի 11 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, որոնցից 9-ը զոհվել է, 2-ը՝ գերեվարվել:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա 2021թ․ապրիլի 30-ին հրաձգային գումարտակի հրամանատարին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի 2021-ի մայիսի 1-ի որոշմամբ միջնորդությունը մերժվել էր, տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերոնշյալ որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի 2021-ի հուլիսի 14-ի որոշմամբ բողոքը բավարարվել է և գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Արդյունքում Առաջին ատյանի դատարանի 2021թ․ նոյեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---