ԱՆ․ Covid-19-ի դեմ պատվաստումներն անպտղության չեն տանում

ԱՆ․ Covid-19-ի դեմ պատվաստումներն անպտղության չեն տանում

PanARMENIAN.Net - Մի շարք հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Covid-19-ի դեմ պատվաստումները չունեն ապացուցված բացասական որևէ ազդեցություն սեռական և վերարտադրողական առողջության վրա, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ ԱՆ-ի՝ պատվաստված անձանց տվյալների ուսումնասիրությունները փաստում են, որ արձանագրված բոլոր հետպատվաստումային կողմնակի դրսևորումներն առնչություն չեն ունեցել էրեկտիլ կամ սեռական այլ ֆունկցիոնալ խանգարումների հետ։ Չկա որևէ ապացույց այն մասին, որ պատվաստումներն առաջացնում են անպտղություն տղամարդկանց կամ կանանց շրջանում, վնասում են ընկերքը կամ բերում վիժման:

«Միևնույն ժամանակ կան նախնական տվյալներ, ըստ որոնց, Covid-19 հիվանդությունը մի քանի մեխանիզմներով կարող է խաթարել սեռական օրգանների աշխատանքը։ Նշանակալի քանակությամբ հետազոտություններ արձանագրել են, որ Covid-19-ը կարող է բացասական ազդեցություն ունենալ սերմնահեղուկի վրա, նվազեցնել սեռական ցանկությունը և հանգեցնել էրեկցիայի խանգարման:

Այսպիսով, ըստ առկա տվյալների` Covid-19-ի դեմ պատվաստանյութերն ապահով են և որևէ կերպ չեն ներգործում կանանց կամ տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա: Մինչդեռ կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ունենալ երկարաժամկետ բացասական հետևանքներ տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա»,-ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ տվյալները վերցված են միջազգային բարձր վարկանիշ ունեցող Nature ամսագրում հոկտեմբեր ամսին տպագրված «SARS CoV-2-ի, Կովիդ-19-ի և դրա դեմ պատվաստանյութերի ազդեցությունը տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա. ի՞նչ իրավիճակում ենք հիմա» (Effects of SARS CoV-2, COVID-19, and its vaccines on male sexual health and reproduction: where do we stand?) ամփոփիչ հոդվածից, որն ի մի է բերել ավելի քան 60 հետազոտությունների արդյունքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---