Իջևանի ԲԿ տնօրենի դեմ քրգործ կա․ Անվճար վիրահատել է կարիքավորներին

Իջևանի ԲԿ տնօրենի դեմ քրգործ կա․  Անվճար վիրահատել է կարիքավորներին

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը:

Մեղադրանքի համաձայն, դեռևս 2009 – 2019 թթ․ ՀՀ ՊՆ զորամասում (Բերդի առանձին բժշկական ջոկատ) որպես զորամասի հրամանատար (բուժծառայության փոխգնդապետ) աշխատելու ժամանակ նա խախտել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014-ի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին կետի պահանջները, և առանց հաստատված գնացուցակի՝ Տավուշի մարզի մի շարք բնակիչներին անվճար վիրահատական բուժօգնություն է ցուցաբերել, տեղեկացնում է «Առավոտը»:

Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանն առանց 200,000 դրամ գումար գանձելու, վիրահատել է Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչին, ինչպես նաև անվճար վիրահատել է նաև Մովսես գյուղի բնակչին, Նավուր գյուղի բնակչին և Վազաշեն գյուղի բնակչին, ինչի արդյունքում բժիշկը զինհոսպիտալին պատճառել է ընդհանուր 670,000 դրամ գումարի վնաս: 2019-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղսագրված արարքը կատարել է այն պատճառով, որ հիվանդները վճարունակ չեն եղել, և որ իր անձնական միջոցների հաշվին վերականգնել է պետությանը պատճառած վնասը` 670,000 դրամը:

Գործով դատավոր Մելքոնյանը 2019-ին որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը դադարեցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրիգորյանը հանցագործությունը կատարել է կարեկցանքից դրդված, ու չնայած վիրահատված անձանցից ՀՀ կառավարության որոշմամբ նշված գումարների գանձում չի կատարել, սակայն վերականգնել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար, Մովսես, Նավուր և Վազաշեն գյուղերի համապատասխան բնակիչների առողջությունը:

Սակայն դատարանի որոշումը Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Արտակ Ավետիսյանը բողոքարկել է և 2020թ․ փետրվարի 21-ին վերաքննիչ դատարանը որոշել է մասնակի բավարարել բողոքը և Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Էդուարդ Գրիգորյանը Իջևանի ԲԿ տնօրեն է նշանակվել 2019թ. դեկտեմբերի 27-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---