Հրապարակում ցուցարարները պահանջել են հրապարակել, ըստ իրենց, Փաշինյանի սեղանին դրված փաստաթուղթը

Հրապարակում ցուցարարները պահանջել են հրապարակել, ըստ իրենց, Փաշինյանի սեղանին դրված փաստաթուղթը

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում «Զարթոնք» և «5165» կուսակցությունների նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են գաղտնազերծել, իրենց պնդմամբ, ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։

Ակցիայի մասնակիցները դիմում են ներկայացնելու կառավարություն, ապա քայլերթով շարժվելու են դեպի նախագահական նստավայր և ԱԺ, վերադառնալու են Հանրապետության հրապարակ համահավաքի։

«Մեր ակցիան խաղաղ բնույթ ունի, և մեզ համար զարմանալի է՝ ինչու են այստեղ այսքան ոստիկաններ հավաքվել։ Այս ակցիան վերկուսակցական է։ Ակցիայի նպատակն է՝ պահանջել Նիկոլ Փաշինյանից հրապարակել, ժողովրդին հասանելի դարձնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող այն փաստաթուղթը, որն, իր ասելով, դրված է իր սեղանին և որը, կրկին իր ասելով, ինքը պատրաստ է ստորագրել», - հայտարարել են ակցիայի նախաձեռնողները, գրում է Aysor.am-ը։

Նրանք ընթերցել են նաև կառավարությանը հասցեագրված դիմումը

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում։ Փաստաթղթի վերաբերյալ ունենք հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կարևոր բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։ Մեր մտահոգությունները սույն խնդրի վերաբերյալ ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտման ուղղված թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են։

Համաձայն ՀՀ սահմանադրության, ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։ Համաձայն ՀՀ ԳԽ 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Ելնելով նշվածից՝ պահանջում ենք կառավարությունից ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը»։

Դիմումը սահմանված կարգով փոխանցվելու է հասցեատիրոջը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---