ՄԻՊ․ Այլընտրանքային ճանապարհն ադրբեջանցիները ևս դիտարկում են

ՄԻՊ․ Այլընտրանքային ճանապարհն ադրբեջանցիները ևս դիտարկում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է:

«Կապանից դեպի 6 գյուղ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար՝ բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։ Ուստի, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ խնդիրների իրական պատճառը:

Ուսումնասիրել ենք այս պահին շահագործվող այլընտրանքային ճանապարհի դիտարկվող հատվածները։ Ուսումնասիրություններ ենք արել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և նրա անձնակազմի հետ:

․․․Ճանապարհի դեպքում տեղանքի առանձնահատկությունն այն է, որ շատ մասեր հատկապես ձմռան ամիսներին կդառնան պարզապես անանցանելի: Այս մասին վկայել են նաև գյուղերի բնակիչները՝ հիշելով, որ 90-ական թթ. ճանապարհը շահագործելու ժամանակ բախվել են նույն խնդիրների: Սա իր հերթին ավելի կխորացնի գյուղերի գյուղերի մեկուսացման աստիճանը»,-ասվում է գրառման մեջ։

ՄԻՊ-ը հատուկ նշել է, որ տեսել են, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար:

«Այսինքն՝ որպես այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն):

Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:

Ոչ ոք իրավունք չունի անտեսելու մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ»,-ասվում է գրառման մեջ։

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---