Սիմոնյանը՝ գերիների մասին. Համարում եմ, որ արդեն իրանք չկան (Թարմացված)

Սիմոնյանը՝ գերիների մասին. Համարում եմ, որ արդեն իրանք չկան (Թարմացված)

PanARMENIAN.Net - Telegram-ալիքները տեսանյութ են հրապարակել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա ինչ-որ միջոցառման ժամանակ անհայտ զրուցակցի հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցին, մեղադրում է գերիներին զենքը վայր դնելու և հանձնվելու մեջ և ասում, որ իր համար նրանք «արդեն չկան»։

Ալեն Սիմոնյանը, զրուցակցին դիմելով, ասում է թե այդ գերիների, այդ զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։ Զրուցակիցը պատասխանում է՝ պաշտպանել հայրենիքը։

«Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են․․․էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել ու մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն․․․»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ակտիվ չեն, քանի որ գիտեն, որ «էդ մարդիկ դասալքություն են արել»։

Ավելի ուշ, մեկնաբանելով իր զրույցը, Սիմոնյանը պնդել է, որ այդ տեսանյութը մոնտաժված է, գրում է «Փաստինֆոն»։

«Նյութը մոնտաժված է, խոսքը բանակցությունների մասին է, և տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին։ Շատ ցավում եմ, մեր հայրենակիցներից մեկը ներկայացավ որպես աջակից և խնդրեց հարց տալ ինձ, ես էլ պատասխանում էի, երբ ընթացքում նկատեցի, որ մի աղջիկ կար, եթե չեմ սխալվում՝ անունը Հասմիկ, հեռախոսը պահել էր։ Ասացի՝ խնդրում եմ չնկարահանել, որովհետև զրույցի ենք բռնվել, որը չեմ ուզում հրապարակային ասել, նա էլ ասաց, թե՝ «չէ, ինչ եք ասում»։ Նման իրավիճակներն օգտագործվում են Հայաստանի շահերը հետ մղելու համար։ Այն բոլոր մարդիկ, ովքեր նման քայլ են անում, պետք է գիտակցեն, որ կա քրեական պատասխանատվություն», - ասել է Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ կան զինածառայողներ, որոնք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, իրենց դիրքը չեն պահել և հանձնվել են գերության։ Նա հավելել է, որ բոլոր զինծառայողները, որոնք վայր են դրել իրենց զենքը և գերության հանձնվել, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվելու՝ սա օրենքի պահանջ է:

Ավելի ուշ համացանցում է հայտնվել մեկ այլ, ավելի ամբողջական տեսանյութ, ուր լսվում է, ինչպես է Սիմոնյանն ասում՝ «եթե ես գերիների պատճառով պիտի Սյունիք, Սիսիան կորցնեմ, կներես, սխալ բան եմ ասում, համարում եմ, որ նրանք արդեն չկան»։ Շարունակելով, նա ասում է, որ, այնուամենայնիվ, իշխանությունն հետ է բերելու գերիներին ու նշում, որ ողջ երկիրը չի կարող հարցին պատանդ դառնալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---