Էլեկտրամոբիլների ԱԱՀ արտոնության ժամկետը կերկարացվի մինչև 2024-ը

Էլեկտրամոբիլների ԱԱՀ արտոնության ժամկետը կերկարացվի մինչև 2024-ը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ գործող արտոնությունը մինչև 2024-ի հունվարի 1-ը երկարաձգելու նախագիծը:

Ներկայացնելով Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնավորեցրել է, որ խոսքը մեծ, միջին, փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության մասին է։

Նա նշել է, որ ՀՀ-ում շահագործվում է տարբեր հզորությամբ մոտ 40-45 լիցքավորման կայան, որից մոտ 20-ը՝ Երևանում։ Այդպիսի կայաններ կան նաև այլ քաղաքներում , ինչպես նաև մայրուղիների և ճանապարհների վրա:

Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը մեկնարկել է «Հայաստանում անցում էլեկտրոնային շարժիչով մեքենաներին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կառավարության համար ձեռք բերել 10-ից ավելի էլեկտրամոբիլներ և լիցքավորման կայաններ:

Հարակից զեկուցող, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը նշել է, որ շուկայում էլեկտրամոբիլների ներկրման խթանիչ մեխանիզմ նախատեսող այս նախագիծը մշակվել է դեռևս նախկին կառավարության օրոք:

2019-ի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել 5 291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այդ թվում 2019-ին՝ 668, 2020-ին՝ 2 155 և միայն 2021-ի առաջին կիսամյակում՝ 2 468, իսկ 2018 թվականին ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---