Չնույնականացված աղբյուրին հղում տալու դեպքում ԶԼՄ-ների պատասխանատվության հարցը` ԱԺ-ում

Չնույնականացված աղբյուրին հղում տալու դեպքում ԶԼՄ-ների պատասխանատվության հարցը` ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ըստ որի՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից։

Նախագիծը ներկայացրել են իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը։

Թագուհի Ղազարյանը հիշեցրել է, որ կարգավորումները նախատեսում են պատասխանատվություն նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու և ապօրինի խոսք պարունակող տեղեկատվությունը փոխանցելու դեպքերում: Լրատվամիջոցն այդ պարագայում պատասխանատվություն է կրելու:

Պատգամավորի խոսքով՝ լրատվամիջոցները ելքային տվյալներ չունեցող աղբյուրներին հղում անելիս պետք է ռիսկերը նկատի ունենան, քանի որ իրենք են պատասխանատվություն կրելու ապօրինի խոսքի համար:

«Այս նախագիծը խոսքի ազատության սահմանափակման մասին չէ, ընդամենը նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրները հավասարեցվում են անանուն աղբյուրներին»,-պարզաբանել է Թագուհի Ղազարյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ են ստացվել արդարադատության նախարարությունից: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի առաջարկներն ընդունվել են, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկները՝ ոչ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Լիլիթ Գալստյանը: Պատգամավորի խոսքով՝ չնույնականացվող աղբյուրը նույնական է անանուն աղբյուրի հետ և լրատվամիջոցի գնահատման դաշտում է այս կամ այն լուրի առնչությամբ հղում անելը, իսկ աղբյուրի բացահայտումը լրագրողը կարող է և պարտավոր է անել սահմանված դեպքերում միայն դատարանի որոշմամբ: Նա ասել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---