Փաշինյան․ Ձևավորվող նոր միջավայրում ԱԱԾ առաջ դրված խնդիրները ավելի են բարդանալու

Փաշինյան․ Ձևավորվող նոր միջավայրում ԱԱԾ առաջ դրված խնդիրները ավելի են բարդանալու

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստի ժամանակ հայտարարել է, որ եղած և առկա մարտահրավերները չեզոքացված չեն և տարածաշրջանում ձևավորվող նոր միջավայրում ԱԱԾ առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու:

Խոսելով 2020-ի աղետալի պատերազմից հետո երկրում ստեղծված քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի մասին՝ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն կարողացավ այդ փուլը հաղթահարել առանց իրավիճակը վատթարացնելու և որ ՀՀ ներսում ոչ մի կրակոց չի հնչել, և, ըստ էության, քաղաքացիական բախումներ տեղի չեն ունեցել։

«Բայց մենք նաև պիտի ընդգծենք, որ այս ընթացքում մեր ձեռք բերած փորձը պիտի օգտագործենք պետականության, ինքնիշխանության, անկախության, մեր Սահմանադրության և օրենսդրության, մեր տարածքային ամբողջականության պահպանման գործում առավել արդյունավետ լինելու համար:

Մյուս կողմից՝ պիտի նաև հետևյալն ընդգծել. 2020 թվականը, ի վերջո, մեծ հաշվով ինչի՞ մասին էր, և ի՞նչ ցույց տվեց: Ցույց տվեց, որ շատ դեպքերում մենք ունենք պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ կայացման խնդիր:

Աշխատավարձերի այն մակարդակը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնց առաջ մեր պետական մարմինները եղել են, կան և պիտի շարունակեն լինել: Ես չեմ ասում, որ մենք հիմա մեկ գործողությամբ այդ բոլոր խնդիրները պետք է լուծենք, բայց պետք է արձանագրենք և ճիշտ կարողանանք կազմակերպել մեր աշխատանքը»,-ասել է նա:

Նա նշել է, որ հիմա, երբ ՀՀ կառավարությունը հռչակել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ԱԱԾ առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու: Փաշինյանը հավելել է, որ քաղաքական հայտարարությունները դեռևս ինքնին չեն նշանակում, որ կհաջողվի դա իրականացնել, և երկրորդը, եթե այս ուղղությամբ հաջողությամբ առաջ շարժվենք, մարտահրավերների կառավարումը լինելու է շատ ավելի բարդ և շատ ավելի դժվարին:

Նա շեշտել է, որ այս պայմաններում և միջավայրում ԱԱԾ-ն պետք է կրկնապատկի իր զգոնությունը, մեծացնի իր գործունեության արդյունավետությունը։

Անդրադառնալով ԼՀ հիմնահարցին՝ Փաշինյանն ասել է․ «Երբ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պիտի և կարող էր լուծվել այսպես: Թող լուծվեր: Իսկ ինչո՞ւ չի լուծվել: Եթե կարող էր և պիտի լուծվեր այդպես, ինչո՞ւ չի լուծվել: Արդեն շատ երկար ժամանակ՝ ավելի քան 20 տարի, ՀՀ ներգրավված է այդ գործընթացի մեջ: Մենք անընդհատ լսել ենք քաղաքական հայտարարություններ, իսկ երբ վերադարձել ենք և հասանելիություն ենք ստացել բանակցային բովանդակությանը, տեսել ենք, որ շատ դեպքերում Հայաստանում հնչող քաղաքական հայտարարությունները կապ չունեն այն բովանդակության հետ, որը ձևավորվում էր բանակցային սեղանի շուրջ:

Մենք չենք ուզում գնալ նույն ճանապարհով: Մենք ուզում ենք փակ խորհրդակցություններում, հրապարակային ելույթներում և բանակցային սեղանի շուրջ խոսել նույն բովանդակության շրջանակում: Ես չեմ ասում, որ դռնփակ և դռնբաց հանդիպումները պետք է բովանդակությամբ լինեն 100 տոկոս նույնական: Ես նկատի ունեմ ուղղությունները, որովհետև ցանկացած խոսակցություն՝ առավելևս անվտանգությանը վերաբերող, ունի գաղտնիության բազմաթիվ շերտեր: Բայց ես ասում եմ, որ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել ներսի և դրսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ։

․․․Մեր խնդիրը պարզ է՝ ամրապնդել ՀՀ-ն, ամրապնդել մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի լինելիությունը, Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք պաշտպանությունը, հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի ընդունելի կարգավիճակի միջազգայնորեն ճանաչմանը: Եվ այս ուղղություններով աշխատանքը շատ մեծ նվիրում, հետևողականություն, հավասարակշռվածություն պիտի պահանջի մեզանից»,-ասել է նա։

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ մի խումբ աշխատակիցների է հանձնել պետական պարգևներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---