Գիլոյան․ ՀՀ մարզիկները 199 մեդալ են նվաճել 2021-ին

Գիլոյան․ ՀՀ մարզիկները 199 մեդալ են նվաճել 2021-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի մարզիկները 199 մեդալ են նվաճել 2021 թվականին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ 2021-ը մեդալառատ էր։

«Ավելորդ է նշել, թե որքան բարդ էր այն ժամանակահատվածը, որ բաժին էր ընկել մեզ: 2021 թվականը պատերազմի և համավարակի արհավիրքների տարուն հաջորդող տարի էր․․․Ինչքան էլ՝ դժվար էր, ամեն դեպքում մեզ համար շատ ուրախալի էր, որ մեդալների քանակով 2021 թվականը զիջում է միայն 2019 առատ տարվան: Ի տարբերություն 2019 թվականի, այս տարի չեն կայացել մի քանի տասնյակ մրցումներ: Չնայած դրան՝ կարողացել ենք Օլիմպիական խաղերում, պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 199 մեդալ նվաճել: Սա շատ բարձր արդյունք է»,- ընդգծել է Գիլոյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Գիլոյանի խոսքով՝ 2021-ին հսկայական ավելացումներ են արվել կառավարության կողմից՝ մարզիկների նպաստների և աշխատավարձերի համար: Նախկին 157 մլն դրամի փոխարեն Կառավարությունը 2021-ին այդ նպատակով հատկացրել է 652 մլն դրամ:

Գիլոյանը շատ լուրջ ձեռքբերում է համարում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացումը Երևանում:

«Այս կարգի մրցում անգամ Խորհրդային Հայաստանում չի անցկացվել: Ամենալավն այն է, որ դա միակը չէ. վարչապետը հանձնարարել է, որ կարող ենք տարեկան երկու շատ բարձր կարգի մրցում անցկացնել Հայաստանում և մենք օգտվելու ենք այդ հնարավորությունից»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Խոսելով լուծում պահանջող խնդիրների մասին՝ ԿԳՄՍ փոխնախարարն առանձնացրել է մարզիչների աշխատավարձերի, ինչպես նաև մարզակառույցների վիճակի բարելավման հարցերը։ Գիլոյանը նաև հայտնել է, որ 2022-ին բոլոր մարզերում ու Երևանում նախատեսվում է կառուցել մեկական հավաքովի խաղային համալիր: Երկու-երեք ամսում դրանք հնարավոր կլինի ավարտուն տեսքի բերել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---