2023-ից դիմորդները 2 անգամ ընդունելության քննություն կհանձնեն

2023-ից դիմորդները 2 անգամ ընդունելության քննություն կհանձնեն

PanARMENIAN.Net - 2023 թվականից դիմորդները ընդունելության քննություն կհանձնեն 2 անգամ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված համատեղ ասուլիսում նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը։

Նա ասել է, որ դիմորդները կկարողանան տարվա մեջ 2 անգամ հանձնելու միասնական քննություն, որոնցից առաջինը կկազմակերպվի հունվարին, մյուսը, ինչպես այժմ է, կլինի ամռանը` հունիսին:

«Ստուգելով սեփական գիտելիքները` նրանք կորոշեն, թե քննական արդյունքներից որը օգտագործեն ընդունելության մրցույթի ժամանակ»,- տեղեկացրել է Կարեն Թռչունյանը` հավելելով, որ ընդունելության մրցույթի ամփոփման ժամկետները չեն փոխվի:

Այս նորարությունը կիրառվելու է 2023 թվականից, այսինքն` գալիք տարվա դիմորդներին չի վերաբերի: Փոխնախարարի խոսքով` նման քայլի գնալով՝ կլուծվի քննությունների սթրեսը հաղթահարելու խնդիրը:

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է փոփոխություն կատարել ասպիրանտուրայի ընդունելության կարգում, ըստ որի՝ «Համակարգչային հմտություններ» առարկայի քննություն այլևս չի պահանջվելու: Ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն միայն օտար լեզվից և մասնագիտական առարկայից, քանի որ, ըստ փոխնախարարի, նման քննության կազմակերպումն այսօր ժամանակավրեպ է: Համապատասխան կարգի փոփոխությունը կհաստատվի գալիք տարի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---