30 մարտի 2009 - 12:54 AMT
Հայաստանը մասնակցել է «Հեղինակային իրավունք` Համագործակցության հեռանկարները» խորհրդաժողովին
Ռուսաստանի արդարադատության ակադեմիան ու Ռուսաստանի հեղինակային-իրավական «Կոպիրուս» ընկերությունը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ մարտի 25-26-ին Մոսկվայում կազմակերպել էին «Հեղինակային իրավունք` Համագործակցության հեռանկարները» խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցել են հեղինակային իրավունքի մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից եւ Ուկրաինայից:

Խորհրդաժողովը անց է կացվել ԱՊՀ երկրներում հեղինակային իրավունքի մասնագետների համագործակցության ամրապնդման եւ փորձի փոխանակման, ինչպես նաեւ ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակեցման նպատակով:

Խորհրդաժողովի կազմակերպիչներն ԱՊՀ երկրների նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում եւ որոշեցին Համագործակցության տարածքում հեղինակային իրավունքի պաշտպանության արդյունավետ մեթոդների ձեւավորման ուղիները:

Ամփոփիչ հայտարարության մեջ նշվում է, որ 15 տարվա ընթացքում ձեւավորվեցին ազգային իրավական ինստիտուտները, որոնք ապահովում են հեղինակների իրավունքների պաշտպանությունը միջազգային չափանիշներին համապատասխան, եւ ուշադրություն էր դարձվում հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, «քանի որ այն ԱՊՀ տարածքում միջմշակութային երկխոսության ապահովման կարեւորագույն տարրն է», հաղորդում է Ժողովրդական ռադիոն: