Փորձագետ․ Խանութներում թուրքական ապրանքները կրկին կփոխարինեն տեղականին

Փորձագետ․ Խանութներում թուրքական ապրանքները կրկին կփոխարինեն տեղականին

PanARMENIAN.Net - Հայ արտահանողների «Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը, անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմանը, ասել է, որ դրա արդյունքում հայաստանյան խանութներում թուրքական ապրանքները կրկին կփոխարինեն տեղականին։

Էկոնոմիկայի նախարարությունը 2021-ի դեկտեմբերի 30-ին հայտարարեց, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, որը գործում էր մեկ տարի։

«Հայաստանում թուրքական ապրանքների արգելքի ընթացքն ու ավարտը բավական անհաջող էին։ Ընթացքում պետությունը տեր չկանգնեց ոչ իր որոշմանը, ոչ էլ խթան հանդիսացավ, որ տեղական արտադրողը զարգանա, չդրդեցին, որ ներմուծողները թեքվեն դեպի տեղական արտադրությունը»,- ասել է նա, գրում է «Հետքը»։

Յուրաքանչյուր արտադրանք, որը արտադրվում է հարուստ, հզոր, 100 միլիոնանոց շուկա ունեցող երկրում՝ Թուրքիայում, և ունի ավելի ցածր ինքնարժեք, բնականաբար ավելի մեծ շանսեր ունի վաճառվելու, քան հայկականը։ Էլ չեմ ասում թուրքական պետական աջակցության, արտադրամասերի նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածության մասին։ Թուրքական արտադրությունը ինովացիաների կիրառմամբ եվրոպական մի շարք երկրներից ավելի առաջ է»,- շեշտել է փորձագետը։

Մինչդեռ, ըստ էմիլ Ստեփանյանի՝ 2021 թվականի ընթացքում, երբ պաշտոնապես արգելվել էր թուրքական ապրանքների ներմուծումը, Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը բավարարվել է տեղական արտադրողներին ու ներմուծողներին միայն պաշտոնական ուղեցույցներ ներկայացնելով։

«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Աննա Բեկլյարովան ևս շեշտել է, որ այսօր, երբ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չի գործում, հայ տեղական արտադրողն ու արտահանողը պետական աջակցության, ճիշտ ռազմավարության կարիք ունեն։

Նա օրինակ է բերել Բելառուսին, որը չի արգելում որևէ երկրի արտադրանքի ներմուծում, բայց առևտևրի ոլորտից պահանջում է, որ վաճառվող արտադրանքի 80%-ը լինի տեղական արտադրանքը։

2020 թվականին հոկտեմբերի 20-ին, երբ Արցախում ընթանում էին մարտական գործողություններ, Հայաստանի կառավարությունը որոշեց դեկտեմբերի 31-ից արգելել թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։ Հետագայում ներկրման արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով։ Արգելքը պաշտոնապես գործեց մեկ տարի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---