Դուդուկահար Արսեն Պետրոսյանը Songlines Music Awards 2022-ին է առաջադրվել «Լավագույն արտիստ» անվանակարգում

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը Songlines Music Awards 2022-ին է առաջադրվել «Լավագույն արտիստ» անվանակարգում

PanARMENIAN.Net - Դուդուկահար Արսեն Պետրոսյանը հեղինակավոր Songlines Music Awards 2022-ին առաջադրվել է «Լավագույն արտիստ» անվանակարգում՝ իր «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմով։

Songlines Music Awards-ի կայքի միջոցով հնարավոր է քվեարկել լավագույն արտիստի և երաժշտական խմբի համար։ Քվեարկությունը բաց կլինի մինչև հունվարի 31-ը։

Պետրոսյանի Լոնդոնում թողարկված «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։ Փետրվարին Արսենը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի մի շարք քաղաքներում։

Songlines Music Awards-ը միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություն է, անցկացվում է արդեն 14-րդ անգամ։ Մրցանակաբաշխությանն ամեն տարի առաջադրվում են աշխարհի տարբեր երկրիների տաղանդավոր երաժիշտներ, և այն լայնորեն լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից։

Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994թ., Չարենցավանում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արսենն ակտիվ միջազգային գործունեություն է ծավալում՝ հետևելով դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և իր ուսուցիչ Գևորգ Դաբաղյանի խորհուրդներին և քայլերին։ Միևնույն ժամանակ իր ուղին է հարթել ամենատարբեր համագործակցությունների միջոցով՝ աշխատելով լեգենդար ռոք կիթառահար Սթիվ Հաքեթի, կոմպոզիտոր Իհաբ Դարվիշի, ուդահար Օմար Բաշիրի ու այլոց հետ։

Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։

Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։ Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան․ Երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---