31 հունվարի 2022 - 12:42 AMT
Տոկաև․ ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանում ոչ մի կրակոց չի արձակել

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանում ոչ մի կրակոց չի արձակել։ Այդ մասին նա ասել է «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում։

«ՀԱՊԿ խաղաղապահ զոկակազմը, ժամանելով Ղազախստան, ոչ մի կրակոց չի արձակել»,-ասել է նա, գրում է ՌԲԿ-ն։

Նա պարզաբանել է, որ կազմակերպության անդամներն ի սկզբանե պայմանավորվել էին, որ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի զինծառայողները միայն պաշտպանելու են ռազմավարական օբյեկտները։

Ըստ նրա, իշխանություններն ուժ չեն կիրառել խաղաղ ցույցերի ժամանակ։

«Նման բան լինել չէր կարող»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղազախստանի խորհրդարանը զրկել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել էր Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում էին նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանում էին պետական և ռազմական օբյեկտները, աջակցում տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

ՀԱՊԿ խաղաղապահները հունվարի 19-ին ամբողջությամբ դուրս են բերվել։