Զեյնալյան․ Քանի դեռ պատվաստումները չեն հասել 90%-ի, համաճարակը կպահպանվի

Զեյնալյան․ Քանի դեռ պատվաստումները չեն հասել 90%-ի, համաճարակը կպահպանվի

PanARMENIAN.Net - ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, խոսելով կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածվածության բավականին մեծ ցուցանիշի մասին, ասել է, որ Հայաստանում բնակչության մոտ 40 տոկոսը պատվաստվել է երկու դեղաչափով, սակայն դա բավականին ցածր ցուցանիշ է վիրուսի չտարածման համար։

«Սա ընդամենն օգնում է, որպեսզի հոսպիտալացման դեպքերը պակասեն, այսինքն՝ նվազում է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Բայց քանի մենք չունենք 90 և ավելի տոկոս պատվաստում, ունենալու ենք համաճարակային իրավիճակ: Այն թյուր կարծիքը, որ 1 միլիոն մարդ արդեն պատվաստվել է, բայց շարունակվում է վիրուսը տարածվել, դա սխալ է», - ընդգծել է Զեյնալյանը, գրում է Aysor.am-ը։

Զեյնալյանը նաև նշել է, որ այլ շտամերի հետ համեմատ, մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է:

«Եթե նկատել եք` մահվան թվերը եզակի են, այդքան բարձր հիվանդացության պայմաններում, մահվան թվերը ցածր են, ըստ էության, մենք գնում ենք այնպիսի իրավիճակի, որ սա կլինի սովորական շրջանառվող վիրուս ամբողջ երկրագնդով, ինչպես գրիպի սեզոնային վիրուսն է։ Մարդիկ կվարակվեն, կլավանան և հոսպիտալացման կարիք մեծամասամբ չի լինի», - նշել է նա:

Ըստ պատգամավորի` «օմիկրոնի» տարածվածության պատճառն այն է, որ այդ շտամի վարակելիության աստիճանը չափազանց բարձր է այլ շտամերի համեմատ. Զեյնալյանը ցուցանիշներին չի տիրապետում, թե մեկ մարդը քանի հոգու կարող է վարակել:

Պատգամավորի կարծիքով` այն սահմանափակումները, որ կան, բավարար է վերահսկողության տակ պահել վիրուսի տարածումը:

Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 374,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3956-ով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---