Տեղահանված արցախցիները ցույց էին դուրս եկել՝ Խանումյանի հրաժարականն են պահանջել

Տեղահանված արցախցիները ցույց էին դուրս եկել՝ Խանումյանի հրաժարականն են պահանջել

PanARMENIAN.Net - Տեղահանված արցախցիները բողոքի ցույց էին կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց։ Նրանց խոսքով՝ ՀՀ կառավարությունն Արցախի ղեկավարության հետ նրանց զրկել են անգամ նվազագույն աջակցությունից:

Նրանց խոսքով, անգամ չեն կարողանում վճարել տան վարձերը, կոմունալ վճարները, գրում է «Առավոտը»։

Տեղահանված արցախցիներին վրդովվեցրել էր այն, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը եթերում հայտարարել է՝ միջազգային կառույցներն էլ են խոչընդոտ հանդիսանում, որպեսզի տեղահանված արցախցիները վերադառնան Արցախ:

Նրանք նշել են, որ միջազգային կառույցները մարզերում տեղահանված արցախցիներին վառելափայտով են օգնում կամ կոմունալ վճարումների մի մասը վճարում: Նրանց խոսքով, միջազգային կառույցները ոչ թե խոչընդոտ են հանդիսանում, այլ օգնում են, որ տեղահանվածները գոյատևեն։

«Իսկ երբ մեզ կասեն, որ ձեր բնակարաններն Արցախում պատրաստ են, մենք մեծ հաճույքով կգնանք: Հայկ Խանումյանը պետք է հրաժարական տա, մեր պահանջը հստակ է, մեզ Հայկ Խանումյանի նման պետական չինովնիկ պետք չի»,-ասել են նրանք:

«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանն էլ ասել է, որ այս հարցում մեղադրել Հայկ Խանումյանին կամ մեկ այլ պաշտոնյայի՝ ճիշտ չէ, որովհետև այդ ամենն արդեն կայացած համակարգ է։

«Մեզ միշտ պատասխանում են, որ երկիրը հնարավորություն չունի: Այն եռուզեռը, որ կա փողոցներում՝ սրճարանների, ռեստորանների շարժը, որը ինձնից լավ գիտեք, չի խոսում այն մասին, որ այս երկիրը տնտեսական փոքր հնարավորություններով երկիր է: Խոսում է այն մասին, որ այս երկրի հնարավորություններն օգտագործվում են ոչ ճիշտ: Պատգամավորները ստանում են 650-700 հազար դրամ աշխատավարձ, 250 հազար դրամ գրպանի ծախս, գումարած պարգևավճարները: Ու այդ պատգամավորները հայտարարում են, որ երկիրը հնարավորություն չունի փախստական պահելու»,-ասել է նա։

«Ինչո՞ւ իշխանությունները չեն դիմում աշխարհին, ասեն՝ ունենք 35 հազար փախստական, չենք կարողանում պահել»,-ասել է նա: Բայց, ըստ Լևոն Հայրյանի, ոչ մի միջազգային կառույցի չեն դիմում մեր իշխանությունները: Նրա խոսքով՝ չեն ուզում իրենց փախստականի կարգավիճակ տալ։

«Այսօրվա իշխանությունները, որոնք արդեն ունեն 4 տարվա փորձ, հայտարարում են, որ նախկիններն են մեղավոր: Եթե դուք 4 տարի աշխատելուց հետո հղում եք անում նախկինների թերություններին, պարզ է, որ հաջորդ 4 տարին էլ ոչինչ չեք անելու: Մենք կոչ ենք անում իշխանություններին իրենց հավաքեն և իրենց պարտականությունը կատարեն»,-ասել է Հայրյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---