16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան

16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան

PanARMENIAN.Net - Վերջին երկու օրում 16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։ Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Կանադան, Լատվիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ֆինլանդիան, Չերնոգորիան, Էստոնիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, գրում է «Կոմերսանտը»։

Փետրվարի 11-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա Օլիմպիադայի ժամանակ։ Ըստ որոշ ԶԼՄ-ների, ԱՄՆ-ն ակնկալում է, որ դա կարող է տեղի ունենալ փետրվարի 15-ին կամ 16-ին, սակայն Եվրոպան և Մեծ Բրիտանիան չեն կիսում այդ գնահատականները։

Սպիտակ տանը կարծում են, որ ՌԴ-ն կարող է պլանավորել Ուկրաինայի խոշոր քաղաքների գրավում, այդ թվում՝ Կիևի։ Սալիվանը հորդորել է ամերիկացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից՝ նշելով, որ ԱՄՆ և Եվրոպայի զինվորականները չեն կռվի ՌԴ դեմ Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ Սպիտակ տանը չեն կարծում, թե ՌԴ-ն «վերջնական որոշում է կայացրել Ուկրաինա ներխուժելու մասին»։

2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---