Փետրվարի 12-ը Սբ Սարգիս զորավարի օրն է

Փետրվարի 12-ը Սբ Սարգիս զորավարի օրն է

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երիտասարդների բարեխոս Սբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

Տոնը նաև Սարգիս անունը կրողների անվանակոչության օր է: Սբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: «Ս. Սարգսի տոնի ուրբաթ գիշերը, նորահաս երիտասարդները աղի բլիթ են ճաշակում, ակնկալելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա փեսացուին կամ հարսնացուին։

Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, նրան սպասվում է մեծ հաջողություն։ Չնայած դարեր են անցել, բայց այս գեցեցիկ ավանդույթը ոչ միայն չի կորցրել իր ուժը, այլև կարողացել է ավելի շատ երիտասարդների ոգեշնչել և համախմբել տոնի շուրջ»,-հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։

Սբ Սրագսի օրը հավատացյալներ այցելում են Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին և ստանալու նրա բարեխոսությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---