Տեղահանված արցախցիները բողոքի ցույց են արել՝ աշխատանք չունեն, հիփոթեքի ծրագրից չեն կարող օգտվել

Տեղահանված արցախցիները բողոքի ցույց են արել՝ աշխատանք չունեն, հիփոթեքի ծրագրից չեն կարող օգտվել

PanARMENIAN.Net - Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի Հանրապետության հրապարակում և արտաքին գործերի նախարարության մոտ։ Նրանք պահանջում են իրենց վերջապես փախստականի կարգավիճակ տալ, քանի որ այլևս այլ ելք չեն տեսնում։

Արցախցիները բողոքում են ՀՀ կառավարության որոշման դեմ, որով նախատեսվում է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին Հայաստանից պետական աջակցություն տալ հիփոթեքով անշարժ գույք ձեռք բերելու կամ մասնավոր բնակելի շենք կառուցելու համար։

Ցուցարարների խոսքով` դա աբսուրդային որոշում է, այն դեպքում, երբ իրենք այստեղ աշխատանք չունեն, չեն կարող անգամ տոկոսադրույքը մարել, գրում է Sputnik Արմենիան։

«Մեզ ասում են 12 տոկոսով վարկ ենք տալիս, ես վարկ չեմ ուզում, իմ տունն եմ ուզում։ 80,000 դրամով ես նույնիսկ կոմունալ վճարները չեմ կարողանում մուծել, վարկով տունն ո՞ւմ է պետք։ Մեր տուն–տեղ թողել, եկել ենք, որ այստեղ 12 տոկոսով վա՞րկ վերցնենք, տուն առնե՞նք»,–ասել է ցուցարարներից մեկը։

Մյուսի խոսքով էլ, անորոշ է` թե որ շրջաններից տեղահանվածների վրա է նախագիծը տարածվելու։ «Մենք միանշանակ չենք կարող օգտվել ծրագրից այն դեպքում, երբ հարմար աշխատանք չկա, տոկոսադրույքը փակելու հնարավորություն չկա, մայր գումարի մասին էլ չեմ ասում»,–նշել է ցուցարարը։

Մյուս արցախցին էլ նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղահանվածների միջև տարբերություն է դնում, ու անգամ, երբ միջազգային կառույցներն են օգնություն տրամադրում, բոլորին չի հասնում։

«Տանիքի հարց չլուծվեց, հասկացանք, բայց երբեմն անհիմն պատճառներով արցախցիների մի մասին օգնություն չի հասնում, դա չենք հասկանում։ Օրեր առաջ Կարմիր խաչի հայկական գրասենյակն օգնություն էր տրամադրել Արցախի փախստականներին, սակայն պարզվեց, որ շահառուների 90 տոկոսն են ստացել, իսկ 10 տոկոսը մնացել են ստվերում։ Հարց է ծագում, ով է մեղավոր, ում կողմից է ցուցակ ներկայացվել։ Պարզվում է Կարմիր խաչին ցուցակը ներկայացրել է ՀՀ կառավարությանը։ Իսկ ինչո՞ւ բոլորին չի ներկայացրել, փախստականների միջև տարբերություն են դնում։ Կա՛մ պետք է առհասարակ չտրամադրեն ոչ մի օգնություն, կա՛մ պետք է բոլորին տրամադրեն»,–ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցուցարարներից մի քանիսն էլ պահանջում էին նաև Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը` նշելով, որ լավ չի աշխատում։

Փետրվարի 17-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած արցախցիների աջակցության ծրագիրը։ Շահառու կարող են լինել այն արցախցիները, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում բնակվել են առնվազն երեք ամիս։ Աջակցություն կտրամադրվի Երևանում, Հայաստանի մարզերում և Արցախում բնակարանների և տների ձեռքբերման (կամ առանձնատների կառուցման) համար հիփոթեքային վարկերի մարման համար։

Ծրագրից Երևանում և ՀՀմարզերում կարող են օգտվել միայն նրանք, որոնք ՀՀ–ից են տեղափոխվել Արցախ ապրելու և այնտեղ գրանցում են ունեցել։ Երևանում տների ձեռքբերման համար կհատկացվի մինչև 8 մլն դրամ, իսկ տոկոսների համար՝ 3 մլն 648 մլն(8%–ով)։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---