ՀՅԴ ՀԵՄ-ը կմասնակցի բողոքի ակցիաներին Եվրանեսթի աշխատանքի օրերին

ՀՅԴ ՀԵՄ-ը կմասնակցի բողոքի ակցիաներին Եվրանեսթի աշխատանքի օրերին

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը մասնակցելու է փետրվարի 21-ին և 22-ին կայանալիք ակցիաներին և կոչ է անում բոլորին միանալ և իրենց բողոքը հայտնել Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականությանը չարձագանքելու դեմ։ Այդ մասին ասվում է միության հայտարարության մեջ։

«ՀՅԴ ՀԵՄ-ը մասնակցելու է փետրվարի 21-ին, ժամը 17։30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց և փետրվարի 22-ին՝ ժամը 12։00-ին Մարզահամերգային համալիրի մոտ կայանալիք բողոքի ակցիաներին։ Մեր ձայնը միացնելով Հայաստանի քաղաքացիների բողոքի արդար ձայնին՝ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն ենք արտահայտելու․ Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու: Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու: Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականություն վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանելու նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները՝ հատկապես կարևոր ենք համարում մեր արդար զայրույթի ձայնը ուղիղ հասցեատերերին հասցնելու կարևորությունը։ Ուստի կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս ակցիաներին»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, անդրադառնալով Եվրանեսթի նիստին ադրբեջանական պատվիրակության ակնկալվող մասնակցությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «մնալով հավատարիմ չհասարակական, չքաղաքական սկզբունքիս` չեմ կարող որևէ կերպ չընդվզել այս երևույթի դեմ»։ «Ընդվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով ` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»....Լավ, մենք մեր «բարեկամներին» ու միջազգային հանրությանը հեչ հարցեր չունե՞նք տալու...հեչ պահանջներ չունե՞նք բարձրաձայնելու…»,-գրել էր նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---