«Հետք»․ Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել շվեյցարական Credit Suisse բանկում ունեցած գումարը

«Հետք»․ Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել շվեյցարական Credit Suisse  բանկում ունեցած գումարը

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի անունը հայտնվել է SuisseSecrets միջազգային լրագրողական հետաքննության մեջ, ըստ որի վերջինս չի հայտարարագրել շվեյցարական Credit Suisse բանկում ունեցած գումարը, գրում է «Հետքը»։

SuisseSecrets-ը միջազգային լրագրողական հետաքննություն է՝ հիմնված բանկային հաշիվների մասին տվյալների արտահոսքի վրա։ Այդ տվյալները գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը։ Թերթն այդ տեղեկատվությունը փոխանցել է OCCRP-ին և 47 այլ մեդիա գործընկերներին` աշխարհի տարբեր վայրերից։

Ըստ հետաքննության, Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ: Այս հաշիվը գործել է 2006-ից և բանկի կողմից սպասարկվել է մինչև 2016-ը, այդ թվում՝ Սարգսյանի՝ ՄԹ-ում ՀՀ դեսպան նշանակվելու և հաջորդող մի քանի տարիներին։ Արմեն Սարգսյանի այս խոշոր դրամական միջոցները չեն արտացոլվել նրա հայտարարագրերում:

Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց թիվն արտահոսած տեղեկատվության մեջ հասնում է մոտ 500-ի, իսկ բանկային հաշիվների թիվը՝ մոտ 400-ի։ Այս մարդկանց թվում են ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և իր ընտանիքի անդամները։

Արտահոսած տեղեկատվությունը վերաբերվում է մոտ 30,000 անձի և ավելի քան 18, 000 բանկային հաշիվների։ Այս հաշիվները բացվել են սկսած 1940-ականներից մինչև վերջին տասնամյակը, դրանցում ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 100 միլիարդ դոլար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ըստ «Հետքի» հետաքննության՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է Սենթ Քիթս և Նևիս պետության քաղաքացի և այդ կարգավիճակում է գտնվել առնվազն 2013 թվականից։ Ըստ հրապարակման՝ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել 2018 թվականի մարտից և հետևաբար նրա՝ Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալը հայաստանյան օրենսդրությամբ հակաօրինական է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---