ԵՄ երկրները, Վրաստանը, Թուրքիան դատապարտել են ՌԴ կողմից ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչումը

ԵՄ երկրները, Վրաստանը, Թուրքիան դատապարտել են ՌԴ կողմից ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչումը

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դատապարտել են ՌԴ կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) անկախության ճանաչումը՝ որակելով դա որպես միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։

Նրանց համատեղ հայտարարության մեջ նաև ասվում է, որ Եվրամիությունը պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը, գրում է Deustche Welle-ն։

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ կողմից ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումն անընդունելի քայլ է, որը խախտում է Մինսկի համաձայնություններն ու Ուկրաինայի ամբողջականությունը։

«Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու մասին ՌԴ որոշումն Ուկրաինայի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ ՌԴ որոշումն անընդունելի է և մենք մերժում ենք այն»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է այդ երկրի ԱԳՆ կայքում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ևս հայտարարել է, որ ՌԴ կողմից ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումն «Ուկրաինայի ինքնիշխանության և ամբողջականության կոպիտ խախտում է»։ Լոնդոնը պատժամիջոցների մասին կհայտարարի փետրվարի 22-ին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս դատապարտել է Մոսկվայի կողմից «անջատողական կազմավորումների անկախության ճանաչումը»։

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել «Ուկրաինայում իրավիճակի վերջին զարգացումներով»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՌԴ կողմից ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումը անվանել է «միջազգային իրավունքի դեմ ուղղված քայլ» և համեմատել 2008-ի իրադարձությունների հետ։

«Մենք սատարում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- գրել է նա Twitter-ում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել պատժամիջոցների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո։

Փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին։ Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահպանումն այդ շրջաններում, իսկ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ և բանակցել բարեկամության պայմանագրեր կնքելու շուրջ։

ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախության մասին հայտարարել էին դեռևս 2014-ին, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտություն սկսվեց։ Ավելի ուշ հանրապետությունները Ուկրաինայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեներ են անցկացրել, որոնց արդյունքները Ուկրաինան, ԱՄՆ-ն Եվրոպայի և մի շարք այլ երկրներ չեն ընդունել։

Photo. Getty Images/AFP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---