ՌԴ ՊՆ․ Ուկրաինայում խոցվել է 118 ռազմական օբյեկտ, վերահսկողություն հաստատել Չեռնոբիլի ԱԷԿ-ում

ՌԴ ՊՆ․ Ուկրաինայում խոցվել է 118 ռազմական օբյեկտ, վերահսկողություն հաստատել Չեռնոբիլի ԱԷԿ-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի զինված ուժերը ռազմական գործողության ընթացքում խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ և վերահսկողություն հաստատել Չեռնոբիլի ԱԷԿ-ում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է Interfax-ը։

Ըստ նրա, այդ թվում ոչնչացվել է 11 օդանավակայան, 5 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ և 5 ԱԹՍ։ Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ավելի քան 150 ուկրաինացի զինծառայող գերի է հանձնվել՝ վայր դնելով զենքը։ «Նրանք այժմ ստորագրություն են տալիս մարտական գործողություններին այլևս չմասնակցելու մասին և առաջիկայում կմիանան իրենց ընտանիքներին»,-ասել է նա։

Կոնաշենկովը հավելել է, որ խոցվել է 18 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 7 ռեակտիվ համակարգ, 41 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։

Կոնաշենկովն ասել է, որ Ուկրաինայի ԱԷԿ պահպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չեռնոբիլի ԱԷԿ-ի էներգաբլոկերի և սարկոֆագի անվտանգության ապահովման վերաբերյալ, գրում է Interfax-ը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---