2 մարտի 2022 - 11:42 AMT
Պուտինն արգելել է $10,000-ից ավելի հանել ՌԴ-ից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է մարտի 2-ից $10,000-ից ավելի հանել երկրի տարածքից։ Նա այդ մասին հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Դրանով արգելվում է նաև ՌԴ ոչ ռեզիդենտ անձանց «ոչ բարեկամ երկրներից» և նրանց կողմից վերահսկվող կառույցներին գործարքներ կատարել անշարժ գույքի և արժեթղթերի հետ, ռուբլով վարկեր ստանալ առանց Օտարերկրյա ներդրումների վերահսկման կառավարական հանձնաժողովի հավանության։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։