Մոտ 100 ուկրաինահայ է դիմել հայրենիք վերադառնալու համար

Մոտ 100 ուկրաինահայ է դիմել հայրենիք վերադառնալու համար

PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս պահի դրությամբ երկրորդ երկրներում գտնվող 100 ուկրաինահայից Հայաստան տեղափոխվելու դիմում է ստացել։ Այդ մասին հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ուկրաինայի արևմտյան հատվածին սահմանակից երկրորդ երկրներում` ԵՄ երկրներում ու Մոլդովայում գտնվող հայերից 100-ը դիմել են, որ հայրենիք տեղափոխվեն։ Տվյալ երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ ուկրաինահայերը նույնպես ակտիվ կապի մեջ են և դիմում են, որ ՀՀ գան»,–ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով` այս օրերին մեր հայրենակիցները ՀՀ են վերադառնում երրորդ երկրների տարածքով։ Նրանք Հայաստան են գալիս ինչպես իրենց միջոցներով, այնպես էլ տարբեր երկրների հայ համայնքային կառույցների աջակցությամբ։

Կարապետյանը հայտնել է, որ այս պահին չկա ուկրաինահայերին ֆինանսական աջակցություն տրամադրելու որևէ փաթեթ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նրանց օգնում է իրավաբանական խորհրդատվությամբ, քաղաքացիություն ստանալու դիմումները լրացնելու, բիզնես հիմնելու իրավաբանական խորհրդատվությամբ։

Կարապետյանը նշել է, որ ՀՀ վերադարձած ուկրաինահայերն իրենց չեն դիմել կացարան կամ սնունդ ստանալու համար։ Սակայն նման դիմումներ շատ ստանում են այն համայնքային կառույցները, որտեղ գտնվում են ուկրաինահայերը` Ռումինիայում, Հունգարիայում, Մոլդովայում, Լեհաստանում։ Այս դեպքում որոշակի ժամանակով կացարան, սնունդ, հագուստ է տրամադրվում ուկրաինահայերին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---