«Ազատություն»․ «Թեղուտը» 2 շաբաթով կփակվի՝ պատժամիջոցների պատճառով խնդիրներ կան

«Ազատություն»․ «Թեղուտը» 2 շաբաթով կփակվի՝ պատժամիջոցների պատճառով խնդիրներ կան

PanARMENIAN.Net - Արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ՎՏԲ բանկին պատկանող «Թեղուտ» ընկերությունը դադարեցնում է պղնձամոլիբդենային հանքավայրի և հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը։ Ընկերությունը, որ Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում 10-րդն է, երկշաբաթյա դադարի համար տեխնիկական պատճառներ է նշում, սակայն նաև չի թաքցնում, որ ռուս- ուկրաինական պատերազմի և պատժամիջոցների հետևանքով արտադրանքը եվրոպական գնորդներին հասցնելու խնդիր ունի։ Աշխատանքի դադարի մասին հայտնել էին ընկերության աշխատակիցները, տեղեկացնում է «Ազատությանը»։

Հանքի ղեկավարությունը աշխատողների մեծ մասին տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից երկու շաբաթով հարկադիր պարապուրդի են գնում, որի դիմաց կվճարվեն աշխատավարձի երկու երրորդի չափով։

Աշխատակիցներն ասել են, որ ղեկավարությունից ստացած տեղեկություններով դադարի պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն ու ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցներն են։

Մինչդեռ «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն «Ազատությանը» տված գրավոր պատասխանում հայտնել է, որ «պոչամբարի պատվարի ամրացման և խողովակաշարի ուժեղացման» նպատակով են դադարեցնում հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը։

Ընկերության գլխավոր տնօրենն անուղղակի ասել է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում արտադրանքն սպառողին հասցնելու խնդիրներ ունեն. «Ընկերությունը նախատեսում էր այս տարվա մայիս-հունիս ամիսներին դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը և իրականացնել նշված աշխատանքը։ Բայց աշխարհում քաղաքական-տնտեսական իրավիճակի պատճառով խախտվել է արտադրական ապրանքների՝ սպառողներին մատակարարելու լոգիստիկ շղթան, այդ պատճառով այն պետք է վերակառուցել»։

Թեղուտի հանքն ու ֆաբրիկան 2018-ի հունվարից ռուսական ՎՏԲ բանկին են պատկանում։ Նախկին սեփականատեր «Վալլեքս գրուպը» 2015 թվականին խոշոր վարկ էր վերցրել ՎՏԲ-ից բավական բարձր՝ 9 տոկոս տոկոսադրույքով, պարտավորվել էր գործունեության երրորդ տարուց սկսած մարել վարկը, սակայն, վճարումներ այդպես էլ չէր արել։ 2018 թվականի հունվարին ընկերության արդեն նախկին ղեկավարները հայտարարեցին, որ դադարեցնում են գործունեությունը և 1200 աշխատողներին մի քանի ամիս հարկադիր պարապուրդի մեջ պահելուց հետո ազատեցին աշխատանքից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարկատու բանկն առգրավել է ընկերությանը պատկանող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն ու հարստացուցիչ ֆաբրիկան։ Մեկուկես տարի անց ՎՏԲ-ն հանքարդյունաբերական ընկերության կառավարումը հանձնեց ռուսաստանաբնակ գործարարներին պատկանող մի ընկերության։ Գլխավոր տնօրեն նշանակվեց նախկինում Ռուսաստանի հանքարդունաբերական ընկերություններում աշխատած Վլադիմիր Նալիվայկոն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---