ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ

ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին  ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ ադրբեջանական կողմն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը», կոչ է արել միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ այս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար։

«Ավելի քան 100,000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա էլ ավելի է խորացնում հումանիտար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո։

Արդյունքում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը։

Բացի այս, ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, Ասկերան քաղաք, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղեր։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։

Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից։ Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական պետության շարունակվող հանցավոր քաղաքականությունը։ Կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ այս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար»,-ասվում է գրառման մեջ։

ՄԻՊ-ը հավելել է, որ մարդու իրավունքները համընդանուր են, դրանք պետք է դուրս դիտվեն աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից։

ՄԻՊ-ի հաղորդագրությունն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---