18 մարտի 2022 - 14:03 AMT
Զելենսկուն առաջարկել են Նոբելյան խաղաղության մրցանակի ներկայացնել

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, ինչպես նաև գործող և նախկին քաղաքական այլ գործիչներ, առաջարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թեկնածությունն առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի, ասվում է Nobel Prize կայքում հրապարակված նամակում։

Եվրոպացի քաղգործիչները դիմել են Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին՝ խնդրելով վերանայել ընթացակարգը և երկարացնել 2022-ի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը, քանի որ հայտերի ընդունումն արդեն ավարտվել է։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։