ԼՂՀ ԱԳՆ. Ռազմական արկածից հրաժարվելը պետք է դառնա Ղարաբաղի շուջ բանակցությունների մեկնարկային կետը

PanARMENIAN.Net - Դրույթն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է քննարկվել միմիայն մի շարք տարածքների հանձնման եւ ադրբեջանցիների`Լեռնային Ղարաբաղ վերադարձի դեպքում», ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատճառների, էության եւ հետեւանքների նենգափոխման իմաստով Ադրբեջանի քաղաքականության ավանդական մոտեցման արտացոլումն է, հայտնել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:



«Մեր տեսանկյունից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հիմքեր ստեղծելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, նախ եւ առաջ, ամրագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչումը եւ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերից հրաժարումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչումը եւ ռազմական արկածախնդրությունից հրաժարումը պետք է դառնան բանակցությունների մեկնակետը, եւ ոչ թե վերջնակետը»,- ընդգծել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Նման մոտեցումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել ավելի բարդ խնդիրների լուծման համար` տարածքների, փախստականների, սահմանների: «Դրանք պետք է լուծվեն փոխադարձ հիմքի վրա եւ խաղաղ գործընթացի հետ համաժամանակ: Այս խնդիրների շարքում առանցքայինը նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հարցն է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստից հայ փախստականների բացառումը, նրանց օրինական իրավունքները լռության մատնելը մի ճանապարհ է, որ ոչ մի տեղ չի տանում: Առանց Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների խնդրի լուծման` անհնար է լուծել որեւէ այլ փախստականների խնդիր, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր»,- ասել է Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---