ՊՆ-ն պնդում է` Ներքին Հանդի մոտ ադրբեջանցիները չեն առաջացել՝ եղանակային պայմանների պատճառով էին հեռացել

ՊՆ-ն պնդում է` Ներքին Հանդի մոտ ադրբեջանցիները չեն առաջացել՝ եղանակային պայմանների պատճառով էին հեռացել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ Ադրբեջանի զինված ուժերի մոտ 1 կմ առաջխաղացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Նշվում է, որ դա հիմնավորված է նաև տարածքի տարբեր ժամանակահատվածների դիտարկումներով։

Ըստ ՊՆ-ի, բարդ դիտարկելի այդ տարածքն ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել 2021-ի գարնանը և հենց այդ ժամանակ էլ փորվել են խրամատները, կատարվել են նախնական ամրաշինական աշխատանքներ։ Նշվում է, որ ձմեռային պայմաններում դրանք պիտանի չեն եղել կացության համար, ուստի ադրբեջանցի զինծառայողների մեծ մասը ստիպված հեռացել է, իսկ եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ խրամատներին հարակից տարածքում, առանց առաջխաղացման, վրաններ են տեղադրել

Նշվում է նաև, որ Հին Ներքին Հանդը, որին ավելի մոտ են ադրբեջանցիները, բնակեցված չէ, իսկ նոր Ներքին Հանդը 2 կմ հեռու է այդ տեղանքից։

Ավելի վաղ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ներկայացնելով փաստահավաք աշխատանքային խմբի Ներքին Հանդ այցի արդյունքները, տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացու վարելահողերը և այգիները:

Ավելի վաղ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մոտ 1 կմ առաջ են եկել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի շրջանում։ Ըստ գյուղի բնակչի՝ ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք` գյուղի նախկին սահմանային դիրքի և գյուղի գերեզմանատան հատվածում` 800-1000 մետրով։ ՊՆ-ն հերքել էր այդ լուրը՝ հայտարարելով, որ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են։

Ընթերցեք նաև․ ՄԻՊ․ Ադրբեջանցիների նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության տակ են Ներքին Հանդի գերեզմանատունը, եկեղեցին, արոտավայրեր

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---