Ապրիլի կեսից Սյունիքում պայթուցիկ զինամթերքից մաքրման աշխատանքներ կտարվեն

Ապրիլի կեսից Սյունիքում պայթուցիկ զինամթերքից մաքրման աշխատանքներ կտարվեն

PanARMENIAN.Net - Ապրիլի կեսերից Սյունիքում պայթուցիկ զինամթերքից մաքրման աշխատանքներ կտարվեն։ Աշխատանքներն իրականացնելու է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը»։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վաղինակ Սարգսյանը մանրամասնել է՝ 2014-2019թթ. Սյունիքում որոշ տարածքներ արդեն մաքրվել էին, գրում է «Ռադիոլուրը»։

«Սակայն 2020 թ. պատերազմի ընթացքում, օրինակ, Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքի զգալի մասը կրկին աղտոտվել է պայթուցիկ զինամթերքով, այդ թվում՝ կասետային ենթազինամթերքով։ Այդ պատճառով կենտրոնի մասնագետները ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել Դավիթ Բեկում»,-ասել է նա:

Սարգսյանը հավելել է, որ 44-օրյա պատերազմից հետո կրկնակի ոչ տեխնիկական հետազոտության կարիք կա, քանի որ եղել են մարտական գործողություններ։

«Նույն խնդիրներն առկա են նաև Վայոց ձորում, Արարատի, Տավուշի մարզերում, ընդհանրապես, շփման գծին առնչվող սահմանամերձ բնակավայրերը կենտրոնի թիրախներն են։ Տարվում է տվյալ տարածքի բնակչության իրազեկման աշխատանք, ուսումնասիրում ենք կոորդինատները, հստակեցնում, որից հետո տարվում է մաքրման աշխատանքը։ Միաժամանակ հավաքված տեղեկատվությունը գրանցվում է կենտրոնի տվյալների բազայում»,-ասել է նա։

2021-ին միայն Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում կենտրոնը մաքրել է 45 հազար քմ աղտոտված տարածք և գյուղատնտեսական աշխատանքների համար անվտանգ հողատարածքը հանձնել համայնքին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---