ԱՀ ՄԻՊ․ Երևան տեղափոխված 2 վիրավորից մեկի վիճակը մնում է ծայրահեղ ծանր

ԱՀ ՄԻՊ․ Երևան տեղափոխված 2 վիրավորից մեկի վիճակը մնում է ծայրահեղ ծանր

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶՈւ հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ վիրավորված և Երևան տեղափոխված 2 վիրավորից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած 5 անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից»,- ասվում է գրառման մեջ։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---