Փաշինյանն արդարացվել է «Մարտի 1»-ի գործով

Փաշինյանն արդարացվել է «Մարտի 1»-ի գործով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացվել է «Մարտի 1»-ի գործով։ Վճռաբեկ դատարանը, դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, հրապարակել է որոշումը, որով բեկանվել է Փաշինյանի վերաբերյալ 2010-ին կայացված դատավճիռը՝ 2008թ մարտի 1-ի անկարգությունների գործով, հայտնում է «Փաստինֆոն»։

Վճռաբեկը ճանաչել և հռչակել է Փաշինյանի անմեղությունն իրեն առաջադրված մեղադրանքում, իսկ վարույթը՝ կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Փաշինյանին արդարացնելու պահանջով Վճռաբեկ էր դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հիմքում դնելով ՄԻԵԴ որոշումը՝ «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։

2010թ հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։ Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաև մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է:

2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ ՄԻԵԴ-ը նման որոշում կայացրել է Փաշինյանի՝ արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում, հետևաբար, վերջինս ՀՀ կառավարության անունից առարկություններ չի ներկայացրել ՝ թողնելով, որ ՄԻԵԴ-ը միայն Փաշինյանի միակողմանի փաստարկների հիման վրա որոշում կայացնի։ Հենց այս պատճառով է, որ մասնագիտական հանրության շրջանում ՄԻԵԴ վճիռը մեկնաբանվել է որպես «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով կայացված վճիռ։

Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, որ խախտվել է նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է դիմել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---