Լավրով. Ուկրաինայի մասին Բորելի խոսքերից հետո «խաղի կանոնները փոխվում են»

Լավրով. Ուկրաինայի մասին Բորելի խոսքերից հետո «խաղի կանոնները փոխվում են»

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն այն մասին, թե ԵՄ-ն պետք է ձգտի հանգուցալուծել իրավիճակն Ուկրաինայում ռազմական ճանապարհով, արտառոց են՝ կամ ինչ-որ անձնական բան ունի կամ ուղղակի մի բան է ասել, որն իրեն ոչ ոք չէր հանձնարարել։

Լավրովը հավելել է, որ դա «էականորեն փոխում է խաղի կանոնները», գրում է ՌԻԱ Նովոստին։

Բորելը, մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, Twitter-ում գրել է․ «Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Նա նաև հիշեցրել է ԵՄ կողմից Ուկրաինային 500 մլն եվրոյի հատկացման մասին, որով Ուկրաինային զենք է մատակարարվելու։

«Այն, ինչ այս աննախադեպ, ագրեսիվ ֆոնին ասել է Բորելը, էականորեն փոխում է խաղի կանոնները։ Որովհետև մինչ օրս Եվրամիությունը երբեք հանդես չի եկել որպես ռազմական կազմակերպություն։ Այո, նրանք քննարկում են իրենց ռազմավարական կողմնորոշումը, Գերմանիան առաջին անգամ պատմության մեջ լրացուցիչ 100 մլրդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համար, ինչը ևս որակական փոփոխություն է»,-ասել է Լավրովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ ՌԴ-ն այդ մասին դեռ մանրամասն պաշտոնապես կխոսի։

«Երբ երկրի կամ կազմակերպության դիվանագիտության ղեկավարը, ինչպես Բորելն այս դեպքում ներկայացնում է Եվրամիության դիվանագիտությունը, ասում է, թե կոնկրետ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ռազմական ճանապարհով, նշանակում է, որ կամ նրա մոտ ինչ-որ անձնական բան է կուտակվել, կամ «բերանից թռցրել է» այն, ինչն իրեն ոչ ոք չի հանձնարարել։ Սակայն, սա արտառոց հայտարարություն է։ Մենք դեռ մանրամասն կխոսենք այդ մասին պաշտոնապես»,-ասել է ՌԴ նախարարը։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---