Փաշինյան․ Հողերը չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա

Փաշինյան․ Հողերը չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, ներկայացնելով 2021-ի կառավարության ծրագրի կատարման արդյունքները, խոսել է նաև 44-օրյա պատերազմում բազմաթիվ զոհերի մասին և հարց բարձրացրել՝ թե ինչո՞ւ այսպես եղավ։

«Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարել է Փաշինյանը:

Նա նշել է, որ հարցազրույցներից մեկում ասել է՝ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանքներ վերագրեն, ապա պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու մեջ և նկատել, որ խոստովանում է այդտեղ իր մեղավորությունը:

«Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», - ասել է Փաշինյանը:

«Ուզում եմ խոստովանել՝ հնարավոր է, մեղավոր եմ, որ 2018-2019-ին հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանն ու իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում»,-ասել է նա՝ հավելելով, որ դա չանելն է իր իրական մեղքը:

«Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները, ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի այս ամենը: Պարտավոր էի մանրամասն ներկայացնել ժողովրդին»,- հավելել է Փաշինյանը։

Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթում ասել է նաև, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է: Նա նշել է, որ նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել, նույնականացվել և հուղարկավորվել են 2021 թվականին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---