Ծառուկյանը Քրիստոսի արձանի կանգնեցման օգտին 3 փաստարկ է բերել

Ծառուկյանը Քրիստոսի արձանի կանգնեցման օգտին 3 փաստարկ է բերել

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով Քրիստոսի արձանի շուրջ վերջին շրջանում ծավալված հանրային քննարկմանը, 3 փաստարկ է ներկայացրել, որոնք «բացահայտում են այս գաղափարի դրական ներուժը և այս նախագծի իրականացման նպատակահարմարությունը հենց այս շրջանում»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Փաստարկ առաջին

Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, հայկական միասնականության խնդիրը։

Կա՞ արդյոք կասկած, որ այսօր մենք ունենք ներքին պառակտվածության, ներքին բարիկադավորման լրջագույն խնդիր։ Դա շատ վտանգավոր է ցանկացած երկրի, ցանկացած հասարակության համար։ Պառակտված հասարակություններն իրենց պետությունները տանում են նոր խնդիրների ու անհաջողությունների։

Առանց այդ էլ պատմականորեն ստացվել է այնպես, որ մեր ժողովրդի միայն փոքր մասն է ապրում հայրենիքում։ Միլիոնավոր հայեր ապրում են Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում. ամենուր։

Եթե Քրիստոսի արձանը կարող է դառնալ միավորող կառույց՝ սփյուռքի և ներսի հայերի համար, եթե կդառնա կանչող մի նախագիծ՝ Հայաստան բերելով մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, ուրեմն մենք կարող ենք գաղափարը հաջողված համարել։ Եթե տարբեր քաղաքական և այլ հայացքներ ունեցող հայեր կգան արձանի մոտ, և այն կդառնա ներքին թշնամանքից ու ներքին բարիկադավորումից զերծ մի միջավայր, ուրեմն գաղափարը հաջողված է։ Քրիստոսի արձանի գաղափարը, նրա կառուցման բոլոր փուլերը, նրա խորհուրդը դառնալու է ներքին համերաշխության և համահայկականության ուղերձ։ Փաստարկ երկրորդ.

Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթանիչ։ Ցանկացած երկրի համար տուրիզմը տնտեսության զարգացման և բյուջետային մուտքերի ավելացման կարևոր աղբյուր է։ Արդյո՞ք մեր տնտեսությունը, մեր քաղաքացիների սոցիալական վիճակն այնքան լավ վիճակում է, որ մենք հեշտությամբ պատրաստ ենք հրաժարվել տուրիզմ խթանող նախագծերից։

Տարածաշրջանում տուրիստների քանակով ամենափոքր թիվը Հայաստանում է։ Կան օբյեկտիվ պատճառներ` մենք չունենք ծով, մենք չունենք աշխարհին կապող երկաթուղի և այլն։ Ամենակարևորը, մենք չենք կարողանում աշխարհին ներկայացնել մեր ունեցածը և քայլեր չենք ձեռնարկում՝ աշխարհի համար ավելի հետաքրքիր ու ավելի գրավիչ դառնալու համար։

Քրիստոսի արձանը դառնալու է թե´ բազմամիլիոնանոց հայկական աշխարհի, թե´ տարբեր ազգերի տասնյակ միլիոնավոր տուրիստների համար ազդակ՝ գալու Հայաստան։ Սրանից պետությունը չի՞ շահելու, փոքր ու միջին բիզնեսը չե՞ն շահելու, Հայաստանում քաղաքացին չի՞ շահելու։ Եթե մի գաղափարից բոլորը շահելու են, ապա ինչու պետք է դեմ լինել դրան։

Փաստարկ երրորդ

Հայաստանի ո´ր անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։ Նոր ճանապարհներ, հյուրանոցներ, ժամանցի, հանգստի վայրեր, թանգարաններ, հյուրատներ, բնակարանաշինութուն և այլն։ Հենց սա´ է նշանակում տնտեսական զարգացում, նոր աշխատատեղեր, մարդկանց զբաղվածության խնդրի լուծում։

Պետական քաղաքականությունն ուղղված է այս խնդիրների լուծմանը, պետական քաղաքականությունն ուղղված է դեպի Հայաստան տուրիզմի զարգացմանը, և ահա մասնավոր ներդրողը առաջ է քաշում նման գաղափար և պատրաստակամություն է հայտնում՝ իրականություն դարձնել այն։ Այն երկրները, որոնց հաջողություններով մենք հիանում ենք, երազում այդպիսին դառնալ, զարգացել են հենց այս ճանապարհով՝ պետական նպատակային քաղաքականություն, մասնավոր ներդրումներ, նվազեցված բյուրոկրատիա»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ Ծառուկյանի՝ արձանի գաղափարը պետք է քննարկվեր ոչ թե «կառուցե՞լ, թե՞ ոչ» համատեքստում, այլ՝ Հայաստանի ո՞ր վայրում կառուցել, որովհետև այդ վայրն ունենալու է նկատելի տնտեսական զարգացում։

«Ինձ համար՝ որպես գաղափարի հեղինակի, այդ հարցն առաջնային չէ, որովետև Քրիստոսի արձանը ամբողջ Հայաստանի համար է, ամբողջ հայ ժողովրդի համար է, այն օգուտ է տալու ողջ պետությանը»,-ասվում է գրառման մեջ։

Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի ունենալով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովի հայտարարության մեջ։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ազդարարել է բացառիկ ծրագրի մեկնարկի՝ Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնելու նախաձեռնության մասին։ Միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհրդրանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։ Ծառուկյանը հայտնել է, որ ճարտարապետների և մասնագետների մեծ խումբ կաշխատի և նա մտադիր է հիմնարկեքն անել արդեն 2022-ին։ Մոտ 200 նախագծից առանձնացվել է մոտ 20-ը, որից էլ պետք է ընտրվի հաղթողը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---