Դումանյանն ու Ֆալկովը կարևորել են ՀՀ ռուսաց լեզվի ուսուցիչների պատրաստումն ու վերապատրաստումը

Դումանյանն ու Ֆալկովը կարևորել են ՀՀ ռուսաց լեզվի ուսուցիչների պատրաստումն ու վերապատրաստումը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի Մոսկվայում կայացած հանդիպմանը կարևորվել է Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզու և ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման գործընթացը:

Ֆալկովը կարևորել է նախաձեռնությունը և դրան առավելագույնս աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ցուցաբերելով կազմակերպական օժանդակություն և տրամադրելով ուսումնամեթոդական աջակցություն՝ ըստ առարկաների: Ի պատասխան Դումանյանի նկատառմանը, որ ՀՀ դպրոցներում դասավանդելու համար անհրաժեշտ է ունենալ մանկավարժի որակավորում, կարևորվել է հատկապես նմանօրինակ համատեղ ծրագրի իրականացումը Հայաստանի մանկավարժական մասնագիտությամբ բուհերում:

Ֆալկովը հայտնել է, որ ուրախ կլինի ձևավորել մի շարք բուհերի ռեկտորների աշխատանքային խումբ և առաջարկել է դիտարկել ռեկտորների խմբի հանդիպումը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը՝ ծրագրի իրագործման քայլերը քննարկելու նպատակով: Կարևորվել է դիմորդներին մոտիվացնելու գործընթացը՝ մանկավարժի որակավորում ստանալու և ռուսերենով դասավանդելու համար:

Ֆալկովը հավաստիացրել է, որ մայիսյան տոներից հետո ռուսաստանյան կողմը կներկայացնի ծրագրային առաջարկ: Երկու կողմը կարևորել են համապատասխան մասնագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրի շրջանակում մասնակիցների փոխադարձ այցերի կազմակերպման հարցը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Ռուսաստանում իրականացնել մանկավարժական և առարկայական ծրագրեր ռուսերեն և ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:

Հանդիպմանը Դումանյանը նշել է, որ 2021-ի ապրիլին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայ-ռուսական համալսարանի գործունեության արդիական հարցերը քննարկելու նպատակով: 2022 թվականի փետրվարին Երևանում կայացել է համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական համալսարանի արդյունավետ գործունեության ու կայուն զարգացման հնարավոր և հիմնարար պայմանները, ինչպես նաև կանոնադրական որոշ հստակեցումները:

Նախարարը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ հայկական կողմը մեկնարկել է համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացը, և շահագրգիռ մարմինների առաջարկությունները և դիտողություններն ամփոփելուց հետո նախագիծը կներկայացվի ռուսաստանյան կողմի փոխհամաձայնեցմանը:

Անդրադարձ է կատարվել նաև ամենամյա հայ-ռուսական երիտասարդական ֆորումի անցկացմանը: Կողմերը համաձայնել են այն կազմակերպել Հայաստանում 2022 թ. երրորդ եռամսյակում:

Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը Վալերի Ֆալկովին հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով նաև, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» բացառիկ փառատոնի շրջանակում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---