Ծանրամարտի 2023-ի ԵԱ-ն կանցկացվի Երևանում

Ծանրամարտի 2023-ի ԵԱ-ն կանցկացվի Երևանում

PanARMENIAN.Net - Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային ուղարկած պաշտոնական գրությամբ հաստատել է՝ 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: Ժամկետները դեռևս հստակեցման փուլում են, բայց առաջնությունը կանցկացվի ապրիլի 1-30-ն ընկած ժամանակահատվածում, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ամեն ինչ պետք է անենք Եվրոպայի առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար։

«Սա իսկապես շատ լավ հնարավորություն է մեր ամենաուժեղ մարզաձևերից մեկը կրկին ցուցադրելու, Եվրոպային ասելու, որ մենք լավ ծանրամարտ ունենք: Դա էլ, ընդհանուր առմամբ, կօգնի մասսայականության աճին: Պետք է ամեն ինչ անենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացնենք շատ բարձր մակարդակով»,- ասել է նա:

Հայաստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024-ի ամառային օլիմպիական խաղերի համար:

Մարտի վերջին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: EWF ներկայացուցիչներն այցելել էին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել էին մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
---