Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է

PanARMENIAN.Net - 107 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Ամբողջությամբ կոտորվեց Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթի բնակչությունը: Մոտ 1.5 մլն հայ սպանվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով դավանափոխ եղավ, կամ դարձավ գաղթական։

Ցեղասպանության հետևանք դարձավ հայկական Սփյուռքը՝ ցեղասպանությունից մազապուրծ ու այլ երկրներում ապաստան գտած հայերն ու նրանց ժառանգները:

1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Նրանց գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում:

Առաջին աշխարհամարտը հնարավորություն տվեց երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911-ին Սալոնիկում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։

Բայց հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռ 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք: Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվեց 1.5-2 մլն հայ:

Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և մշտապես դիվանագիտական դեմարշներ է ձեռնարկում այդ փաստը ճանաչող պետությունների դեմ։ Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ հայերի անվտանգության ապահովման նպատակով»: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսում են միայն թուրք մտավորականության առանձին ներկայացուցիչներ, այդ թվում` Թաներ Աքչամը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, իրվապաշտպան Զագիփ Զարաքոլուն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Բրազիլիան, Ավստրիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը և Կոնգրեսը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

2015-ի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդգրկվել է Եվրախորհրդարանի՝ Թուրքիային առնչով 2019-2020թթ․ զեկույցում։

2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

2021-ի ապրիլին ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։ Այդպիսով նա կատարել է իր նախընտրական խոստումը։ Բայդենն ԱՄՆ երկրորդ նախագահն է Ռոնալդ Ռեյգանից հետո, որը կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---