Փողերի լվացման մեջ մեղադրվող Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Փողերի լվացման մեջ մեղադրվող Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Կոռուպցիոն բնույթի տարբեր չարաշահումներ կատարելու, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Գասպարյանի կինն ու դուստրը, պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ ծառայության չեն ներկայացել։ Նրանց անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն դրամ գումար:

Քրգործով պարզվել է, որ Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքում և Երևանում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր մոտ 700 մլն դրամ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ դրամի գույք:

Պարզվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2011թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75,000,000 դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3,000,000 դրամ: Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ. 120,000,000 դրամով ու 204,250,000 դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և, գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները, դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց:

Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է մոտ 230 մլն դրամի գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017թ. 47,855,000 դրամին համարժեք 100,000 դոլարով գնել է նույն թվականի արտադրության «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված մոտ 27 մլն դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը 2013թ. Արշակ Հակոբյանին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել իր անվամբ։

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34- 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /: Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/:

Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---