ՄԻՊ․ Քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ են գրանցվել

ՄԻՊ․ Քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ են գրանցվել

PanARMENIAN.Net - ՄԻՊ արագ արձագանքման խմբերի ոստիկանության 8 բաժին բերման ենթարկված ավելի քան 151 անձի այցերի արդյունքներով արձանագրվել են Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ։

Դրանց զգալի մասի ուսումնասիրությունը վկայում է արձանագրվող խախտումների շարունակականության մասին։

«Հիմնական խախտումներն են․

1. Զանգվածային բնույթ են կրում առանց որևէ պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց ոստիկանության ծառայողների կողմից ներկայանալու, առանց անձանց վերջիններիս նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու արատավոր և անթույլատրելի գործելաոճը։

3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել․․․

Արձանագրվել է նաև դեպք, երբ քաղաքացին ոստիկանության կողմից բերման ենթարկվելիս ստացել էր ձեռքի փակ վնասվածք, որի պայմաններում թեև ոստիկանությունը զանգահարել էր շտապօգնության ծառայություն, սակայն քաղաքացու ձեռքի վնասվածքի ախտորոշման և բուժման հետագա ընթացքը, ըստ ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների դիրքորոշման, պետք է կատարվեր քաղաքացու միջոցների հաշվին։

Նման մոտեցումը ևս ընդունելի չի կարող համարվել այն պայմաններում, երբ վնասվածքը ստացվել է ոստիկանության ծառայողների կողմից անձին բերման ենթարկելիս կիրառած ուժի արդյունքում։

Ոստիկանության Երևանի Մաշտոցի բաժնում արձանագրվել են նաև դեպքեր, երբ բերման ենթարկված անձանց ազատ չեն արձակել անգամ 3 ժամը լրանալուց հետո մոտ 30-40 րոպե։

Մեկ այլ տարածված խնդիր է եղել անձին՝ իր կամքին հակառակ՝ էլեկտրոնային սարքերով նույնականացնելը։ Նման խնդիր արձանագրվել է ինչպես ոստիկանության Արաբկիրի, այնպես էլ Էրեբունու բաժիններում։

Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։

2. ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում ևս արձանագրվել են մի շարք խախտումներ և մտահոգիչ դեպքեր։ Նախ, մի շարք լրատվական միջոցներով տարածված տեսանյութի ուսումնասիրությունից երևում է քաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանության 4-6 ծառայողների կողմից նրա նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, իսկ մեկ ծառայող էլ բերման ենթարկվող անձի գլխի շրջանում մի քանի հարվածներ է հասցնում։

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, Ոստիկանության ծառայողի կարգավիճակից դուրս, օրենքը խախտող նման գործելակերպը։

Մյուս կողմից ողջունելի է, որ ոստիկանության կողմից վերը նշված դեպքի առնչությամբ մի քանի ժամ անց տեղեկություն հրապարակվեց, որ նշված ոստիկանության ծառայողի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

ԶԼՄ ուսումնասիրությամբ արձանագրվել է նաև բերման ենթարկված անձանց փաստաբան ներկայացած անձի բերման ենթարկման դեպք։

Ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործելակերպերում շարունակել է խնդրահարույց մնալ անհամաչափ ուժի գործադրումը։ Որոշ դեպքերում ակնհայտ է նաև ակցիայի մասնակիցների կողմից տվյալ տարածքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովմամբ զբաղվող ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելու, ուսադիրներ ու տարբերանշաններ պոկելու ու այլ սադրիչ վարքագիծը։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ քաղաքացիներին բերման ենթարկելիս, եղել են դիմակներով։ Մինչդեռ, հասարակական կարգն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:

Բացառիկ դեպքերը պարտադիր պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ: Ոստիկանության ծառայողները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին:

3. ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչն ականատես է եղել ՊՊԾ ղեկավարի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի, ինչը Պաշտպանն անթույլատրելի և դատապարտելի է համարում, հատկապես այն դեպքում, երբ արարքն իրականացվում է ոչ թե շարքային ծառայողի, այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից։ Նշված դեպքի վայրում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն անմիջապես պարզաբանումներ է ստացել ինչպես լրագրողից, այնպես էլ ՊՊԾ ղեկավարից։

4. Սոցիալական ցաներում և ԶԼՄ-ներով բռնության կոչերի ու անհանդուրժողականության դրսևորումները շարունակում են խնդրահարույց մնալ։

5. Ամփոփելով՝ ՄԻՊ-ը դատապարտում է վերը նկարագրված դեպքերով ոստիկանության ծառայողների կողմից դրսևորված օրենքից չբխող գործելակերպերը։ Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ Պաշտպանի աշխատակազմի և ոստիկանության միջև ձևավորվել է արդյունավետ հաղորդակցություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոստիկանության ղեկավարությունը դրևսորել է պատրաստակամ և բարձրացված խնդիրներին արագ արձագանքող մոտեցում։

Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ը հավաքներ և բողոքի ակցիաներ իրականացնող անձանց կոչ է անում զերծ մնալ ցանկացած տեսակի բռնության դրսևորումից, միմյանց և ոստիկանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքից, վիրավորանքից և ցանկացած տեսակի այլ անհարգալից վերաբերմունքից, ինչպես նաև հատուկ հոգածություն դրսևորել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---