Քաղաքապետն ու Ֆրանսիայի դեսպանը կարևորել են գործակցության ընդլայնումը

Քաղաքապետն ու Ֆրանսիայի դեսպանը կարևորել են գործակցության ընդլայնումը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն կարևորել են գործակցության ընդլայնումն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը՝ գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ:

Բարձր գնահատելով Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների առավել ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Անն Լույոն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկուստեք կապերի ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու և օժանդակելու համար:

Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու հունիսին Լիոնում, քաղաքապետն ու դեսպանը համոզմունք են հայտնել, որ այն լավ առիթ կհանդիսանա՝ բազմակողմանի քննարկելու հետագա համագործակցության տեսլականն ու ծրագրերը:

Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցում է Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիսի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---