Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով 2 ձերբակալված կա

Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով 2  ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել։ Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։

Նշվում է, որ մայիսի 5-ին համացանցում տարածվել էր հրապարակում և տեսագրություն, որում երկու անձիք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին՝ նյութապես շահագրգռել է այլ անձանց:

Արմավիրի մարզի հիշյալ երկու բնակիչները ձերբակալվել են:

Կատարվել է վերոհիշյալ տեսագրության զննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ընդդիմությունը քայլերթեր, հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում և մարզերում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---